National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
26.11.2009
Ընդլայնված քննարկումներ «Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
1 / 3

Նոյեմբերի 26-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր  Արթուր Աղաբեկյանի, Վահան Հովհաննիսյանի, Հրայր Կարապետյանի եւ Միքայել Մանուկյանի հեղինակած «Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին»,  ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ընդլայնված քննարկումներ:

Հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը տեղեկացրեց, որ օրինագիծը երկար ժամանակ գտնվում է շրջանառության մեջ, տարբեր քննարկումներ են եղել, այժմ էլ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը զեկույց է ներկայացրել Հայաստանի անվտանգության մասնավոր հատվածի եւ օրենքի նախագծի վերաբերյալ, ստացվել են մի շարք առաջարկներ, որոնց հաշվառումով ավելի է բարելավվել օրինագիծը: Նա տեղեկացրեց, որ ոլորտը օրենսդրորեն կարգավորված չէ, եւ խնդրեց ներկաներին ակտիվորեն մասնակցել  քննարկումներին եւ ներկայացնել իրենց տեսակետները:

Քննարկվող օրինագիծը ներկայացրեց հանձնաժողովի փորձագետ Վահագն Գեւորգյանը: Ըստ բանախոսի` Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո նոր տնտեսական հարաբերությունների ձեւավորումը հանգեցրել է հասարակության մեջ այնպիսի իրական պահանջարկի առաջացմանը, ինչպիսին է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, գույքի ոչ պետական պաշտպանության կազմակերպման անհրաժեշտությունը:

Գաղտնիք չէ, որ նման գործունեությունն արդեն իսկ իրականացվում է, ներառյալ` զենքի օգտագործմամբ, իսկ համապատասխան օրենսդրական կարգավորման բացակայությունը հնարավորություն չի տալիս պատշաճ հսկողություն սահմանել այդպիսի գործունեության նկատմամբ, ինչը գործնականում հանգեցնում է որոշակի բացասական դրսեւորումների:

Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի ոչ պետական պաշտպանության իրականացման գործընթացը կարգավորող օրենքի նախագծի ընդունումը, ըստ Վահագն Գեւորգյանի,  կնպաստի իրավակարգի պահպանության եւ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացնանը, հնարավորություն կընձեռի իրավական կարգավորման ենթարկել թիկնազորային գործունեությունը, անհրաժեշտ երաշխիքներ կստեղծի դրա իրականացման գործընթացում օրինականության ապահովման համար:

Ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթը նպատակ ունի նաեւ ապահովել միասնական պետական քաղաքականությունը  թիկնազորային գործունեության ոլորտում, օրենքով  ամրագրել թիկնազորային գործունեության իրավական հիմքերը, սկզբունքները եւ այդ ոլորտում իրականացվող իրավահարաբերությունները:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրի բաժնի աշխատակից Մարգարիտա Լազյանը տեղեկացրեց, որ ԵԱՀԿ գրասենյակը այս ոլորտին վերաբերող  զեկույց է պատրաստել,  որով փորձել է ներկայացնել անվտանգության մասնավոր ընկերությունների դերն ու խնդիրները, վերահսկողական մեխանիզմները, աշխատանքի ընդունման պահանջները,  զենքից  օգտվելու եւ վերապատրաստման  կարգը եւ թե ինչ կարգավորման հիմքեր են գործում միջազգային ասպարեզում: Նա հավելեց նաեւ, որ գրասենյակը ուսումնասիրություն է կատարել Հայաստանում գործող անվտանգության մասնավոր ընկերությունների գործունեության վերաբերյալ եւ ներկայացրել է նրանց  առաջարկները  օրինագծի վերաբերյալ:

Օրենքի նախագծի վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրին նաեւ անվտանգության մասնավոր  ընկերությունների ներկայացուցիչները: Նրանք  խոսեցին օրենսդրորեն չկարգավորվող այս ոլորտի դժվարությունների եւ ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերի մասին եւ օրինագծի առանձին դրույթների վերաբերյալ ներկայացրին իրենց առաջարկները:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, կարեւորելով այս շահագրգիռ քննարկումները, հավաստիացրեց, որ այս համագործակցությունը շարունակական կլինի, եւ առաջարկեց օրինագծի վերաբերյալ առաջարկները գրավոր  ներկայացնել հանձնաժողովին, որոնց հաշվառումով հեղինակները առավել ամբողջական կդարձնեն օրինագիծը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am